Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Տոնականյանը կիսաեզրափակիչում մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:
Հայ բռնցքամարտիկը մենամարտին մասնակցում էր վնասվածքով՝ 1/4 եզրափակիչում նա կոտրել էր մատը:
Այսպիսով, Տոնականյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
Կարեն Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։ 1/4 եզրափակիչում Տոնականյանի մրցակիցը բրիտանացի Կալում Ֆրենչն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով:
Հունիսի 28-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։