ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ , ՎԵՀԱՑԱՎ

12:07 - 29 Հուն, 2024

Երևան էր այցելել   Եվրոպայի սուսերամարտի կոնֆեդերացիայի նախագահ, իտալացի Ջեորջիո Սկարցիոն:Նա մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ  Օլիմպավանում հյուրընկալվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

Հաճելի մթնոլորտում զրույց ծավալվեց հայկական սպորտի, մասնավորապես ՝ սուսերամարտի շուրջ: Նշեցին օլիմպիական խաղերի  արծաթե և բրոնզե մեդալակիրներ, երևանցի Աշոտ Կարագյանի, վանաձորցի  Վալենտին Չեռնիկովի, ԽՍՀՄ,  Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեդալներ նվաճած մեր մյուս հեղինակությունների մասին: 

Պատվավոր  հյուրը նաև ասաց, որ մարզաձևի հայկական դպրոցի հարուստ ավանդույթները  կվերականգնվեն, քանզի  անցած մրցաշրջանում հայ պատանի սուսերակիրները մրցանակակիր են դարձել  միջազգային  պաշտոնական ասպարեզներում:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևորեց Ջեորջիո Սկարցիոնի այցը  մեր երկիր և նրան հուշանվերներ հանձնեց:

Իտալացին գովեստի խոսքեր ասաց  Օլիմպավանի մարզումային հրաշալի պայմանների մասին, նշելով, որ  այնտեղ մարզվողները, իհարկե,  հաջողության կհասնեն միջազգային մրցումներում:

Սկարցիոնին  ուղեկցեցին նաև մարզահամերգային համալիր, որը նրան հայտնի էր լուսանկարներով: Բայց այլ էր տպավորությունը, երբ անձամբ  տեսավ կառույցի շքեղությունը՝  դրսից և ներսից: Նա վեհացավ հայկական ճարտարապետական մտքի արգասիք այդ  համալիրով, խոստովանելով, որ անպայման ներկա կդառնա ՄՀՀ –ում արդեն նախատեսված   սուսերամարտի միջազգային խոշոր ստուգատեսներին, որոնցից մեկն է 2026թ. անցկացվելիք Եվրոպայի  առաջնությունը:

Մեզանում կկազմակերպվեն նաև մարզչական և մրցավարական դասընթացներ, միջազգային համատեղ ուսումնամարզական հավաքներ և այլ միջոցառումներ:  

 

 

 

Այլ նորություններ