Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե ամբողջովին կորցրել է դիտարժանությունը: Համենայն դեպս, այս համոզմանն է մասնագետների ճնշող մեծամասնությունը:
Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին ընթանում էր UWW համաժողովը, որտեղ քննարկվել են մարզաձեւում անհրաժեշտ մի շարք էական փոփոխությունների հետ առնչվող հարցեր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը Փարիզում էր որպես մրցավար, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ներկայացրեց ակնկալվող փոփոխությունները.
«Նախնական տարբերակով 2018 թ. հունվարի 1-ից հունահռոմեական ըմբշամարտում վերականգնվելու է պարտեր դրությունը, բայց ոչ թե չորեքթաթ դիրքով, ինչպես նախկինում էր, այլ՝ պառկած: Իսկ մրցակիցն աշխատել սկսելու է կողքից, այլ ոչ թե թիկունքից: Առաջին երկու րոպեներին միավոր չլինելու դեպքում նախատեսվում է պասիվ ըմբիշին նկատողություն եւ պարտեր դիրք, իսկ ակտիվ ըմբիշին՝ մեկ միավոր: Երկրորդ մրցափուլում պասիվ մարզիկին կտրվի պարտեր դրություն, մրցակցին՝ մեկ միավոր: Բայց դա կլինի երկրորդ մրցափուլի ոչ թե վերջին րոպեին, այլ գոտեմարտի 4:30-րդ րոպեին: Սրանք փոփոխությունների նախնական տարբերակներն են, որոնք ուժի մեջ մտնելու են եկող տարվա հունվարի 1-ից: Վերջնական հաստատված կանոնները UWW-ն ազգային ֆեդերացիաներին պետք է որ ուղարկի մինչեւ դեկտեմբեր:
Բոլոր ոճերում ավելանալու են քաշային կարգերը՝ ութից հասնելով տասի. ազատ ոճում 57-61-65-70-74-79-86-92-97-124, հունահռոմեականում՝ 55-60-63-67-73-77-82-87-97-130:
Եվ վերջինը. 2018 թվականին մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. Առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Դա կշարունակվի մինչեւ 2018 թվականի վերջ: 2019 թվականից երկրորդ օրվա +2 կիլոգրամի առավելությունը կհանվի: Այսինքն, ըմբիշները երկու օրն էլ պետք է կշռեն սահմանված «մաքուր քաշի» սահմաններում», - ասաց Ավետիք Վարդանյանը: