ՀԵՐԹԱԿԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ

12:07 - 03 Օգո, 2021

Իր գերազանց պատրաստականությամբ հայ մարզասերին շարունակում է հիացնել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /:

Տոկիոյի օլիմպիական ռինգում այս անգամ նրա մրցակիցն էր  ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովը: Քառորդ եզրափակիչի այդ մենամարտում Հովհաննեսը կարծես յուրատեսակ ուսուցողական դաս տվեց Հայաստանի պատանի բռնցքամարտիկներին: Գյումրեցու յուրաքանչյուր գործողությունը անչափ կարևոր է մարզաձևի վերելքի ուղին բռնած յուրաքանչյուր մարզիկի համար:

Այո, Բաչկովը գործով է ապացուցում, թե ինչպիսին պետք է լինի կաշվե ձեռնոցի իսկական վարպետը: Մերձամարտում, միջին և հեռու տարածություններից նրա կատարած հարվածաշարերը, մեկ տասնյակի հասնող երկհարկանի և 2 – 3 անգամ կիրառած եռահարկ կոմբինացիոն գրոհներն իրենց հմայքով ապշեցնում, հիրավի վեհացնում են մարզասերին:

Կարծում ենք ասածը բավական է ուզբեկի նկատմամբ նրա տոնած համոզիչ հաղթանակի մասին, մանավանդ որ, մրցավարտից հետո, Էլնուր Աբդուրաիմովն ինքը գոհունակությամբ   շնորհավորեց հայ վարպետին:

Ցանկանում ենք Բաչկովի կատարմամբ մեզ համար ցանկալի սցենարը տեսնել նաև ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ օգոստոսի վեցին կայանալիք   կիսաեզրափակիչում:

Պատվասե‛ր գյումրեցի, շարունակիր քո ձեռնարկած յուրատեսակ խաչակրած արշավանքը օլիմպիական ռինգում: Հայ մարզասերը վարժվել է քո հաղթանակին և քեզանից ակնկալում է այն մեդալը, որին դու իսկապես  արժանի ես:

 

Այլ նորություններ