Հունիսի սկիզբն էր, որ Փարիզում շարունակվեց նախորդ մրցաշրջանում Լոնդոնում սկսված, բայց չավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, ով դեռևս Լոնդոնում նվաճել էր օլիմպիական ուղեգիր, այս անգամ Փարիզ մեկնեց մրցաշարում հաղթելու կամ մրցանակակիր դառնալու հույսով: Բայց առաջին իսկ մենամարտում պարտվեց բրիտանացի Ջալալ Յաֆային:
Եվ ահա օլիմպիական Տոկիոյի բռնցքամարտի մրցումների իր առաջին մենամարտում, ճակատագրի բերումով, կրկին միյանց հետ հանդիպեցին նշած անունները: Թվում էր, որ զովունցի մարզիկն այս անգամ կհաղթի: Սակայն տեղի ունեցավ անսպասելին:
Նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկին բնորոշ հատկանիշներով օժտված Կորյունը կարծես կորցրել էր իր մարզական դիմագիծը: Նա չցուցադրեց իրեն հատուկ երբեմնի արագությունը, ռինգում տեղաշարժվելու հմտությունները, նաև թեքանցումներ, սուզումներ չկատարեց: Ասես ենթարկվելով Ջալալի կամքին Սողոմոնյանը մրցակցի հետ դիմեց հարվածների փոխանակման և . . . պատժվեց: Ստանալով երեք նոկդաուն Կորյուն Սողոմոնյանը ժամանակից շուտ գլխիկոր հեռացավ ռինգից: Ափսոս: