ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

11:27 - 17 Հուն, 2023

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը  տարվա ուսումնամարզական առաջին մարզումը սկսեց Աբովյանի համալիրում: Տղամարդկանց  թիմի նման, կանայք նույնպես, պարապմունքները կավարտեն հունվարի 29 –ին:

Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ,   գյումրեցի Արտաշես Ներսիսյանը ասաց, որ հավաքի է հրավիրել  տարիքային երեք խմբերի 15  ներկայացուցիչների: Ընտրությունը պատահական չէ: Պատանեկան  հասակի մեր  աղջիկները / նաև տղաները /  պետք է նախապատրաստվեն և լավ մարզավիճակով ներկայանան մարտի 23 –ին Ալբանիայում սկսվող  աշխարհի առաջնությանը:

Արտաշես Ներսիսյանն իր օգնականներ, երկրորդ մարզիչ, էջմիածինցի  Վիգեն Խաչատրյանի, քասախցի մասնագետ Տարոն Թովմասյանի հետ  անհատական մոտեցումներ են  դրսևորում  յուրաքանչյուր  մարզուհու նկատմամբ: Բանն այն է, որ պարապողներից  ամեն մեկը ունի տեխնիկական և ֆիզիկական առաձնահատկություններ: Պետք է  զարգացնել ֆիզիկական ունակությունները,  տեխնիկատակտիկական հմտությունները և օժտել կամային որակներով , հատկապես մարտունակությամբ, ծանրաձողը սանձելու, նրա  հետ  << կռվելու >>  ,  կամքին ենթարկելու կարողությամբ:

Գոհացնում է նաև մերսող – բժիշկ Ռոզա Հովհաննիսյանի հոգատար ու նվիրական աշխատանքը: Նա  ուշադրությամբ հետևում է մարզումների ընթացքին և  համապատասխան օգնություն ցուցաբերում : 

Ուսումնամարզական հավաքները շարունակական կլինեն: Ընթացքում  տեղի կունենան նաև փորձամրցումներ: Կանանց ընտրանու համար գլխավորը  հաջող մասնակցությունն է ապրիլին մեր մայրաքաղաքում ՝ Եվրոպայի  և սեպտեմբերին ՝  Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի առաջնություններում: Կարևորվում  է  ոչ միայն մրցանակակիր դառնալը, այլ նաև  Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրերի նվաճումը:

Այլ նորություններ