ՀԱՕԿ-ը սկսել է ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի << Հակադոպինգային ոլորտի մասին մարզերում գիտելիքների իրազեկման, ապահովման և բուժհետազոտությունների իրականացման >> կրթական ծրագիրը: Այն ղեկավարում է ՀԱՕԿ -ի հակադոպինգային ոլորտը համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
Փորձագետներ են ընտրված ՀՀ առաջատար սպորտային բժիշկները և հակադոպինգային նորաստեղծ գործակալության առաջատար մասնագետները:
Առաջնահերթ խնդիրն է իրազեկել, ծանոթացնել մարզերում աշխատող մարզիչներին և մարզիկներին ՀՀ և համաշխարհային հակադոպինգային գործակալության նոր կանոնները, մանրամասն բացատրել հիմնական դրույթները:
Առաջին սեմինարը տեղի ունեցավ ՀԱՕԿ –ի՝ Լոռվա մարզային մասնաճյուղում: Միջոցառման մասնակից 50 մարզիկներին և մարզիչներին ներկայացվեցին համապատասխան նյութերը և բրոշյուրները:
Սեմինարից հետո մեր օլիմպիական թիմի գլխավոր բժիշկ Դավիթ Մոսինյանը և ՀՀ ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը իրականացրեցին վնասվածքներ ունեցող երիտասարդ մարզիկների բուժզննում և տվեցին կարևոր խորհուրդներ:
Լոռու մարզի գրեթե բոլոր մարզադպրոցները ապահովվեցին 2021թ. արգելված նյութերի, բուժման համար օգտագործվող չարգելված դեղերի, ինչպես նաև վտանգավոր, աղտոտված կենսահավելումների ցուցակներով:
Հաջորդ սեմինարը նախատեսված է անցկացնել Շիրակի մարզում: