Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն համագործակցության հուշագիր ստորագրեցին

14:59 - 11 Դեկ, 2017

Այսօր, Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն համագործակցության հուշագիր ստորագրեցին: Սա նշանակում է, որ մեր երկրում կսկսեն անցկացվել պարադահուկային մարզաձեւերի մրցումներ:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյան.

«Սա պատմական պահ է: Հատկապես հաշմանդամություն ունեցող մարզիկների համար: Հորդորում եմ իմ գործընկերներին սկսել նման գործընթաց:

Հունվարի 29-ին Հայաստանի լեռնադահուկային սպորտի բաց առաջնությանը զուգահեռ կանցկացնենք նաեւ պարալեռնադահուկային միջազգային մրցաշար: Դա կլինի մեր համատեղ առաջին միջոցառումը: Մրցաշարն ընդգրկված է Դահուկասպորտի  միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Տեխնիկական պատվիրակ նշանակվել է միջազգային պարալիմպիկ կոմիտեի ձմեռային մարզաձեւերի վարչության նախագահը: Նա նաեւ սեմինարներ կանցկացնի հայ մրցավարների համար: Հանդիպում կլինի Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության հետ: Նրանք կքննարկեն Հայաստանում պարադահուկային մարզաձեւերի զարգացման հեռանկարները: Միջազգային ֆեդերացիան նույնպես շահագրգռված է եւ ողջունել է այս համագործակցությունը: Հայաստանը կարող է այն երկիրը հանդիսանալ, որը հետագայում կզարգացնի պարադահուկային մարզաձեւերն ամբողջ  տարածաշրջանում» :

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյան

«Վաղուց էինք համագործակցում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ: Պարզապես ցանկացանք պաշտոնական հիմքերի վրա դնել այս համագործակցությունը: Առաջիկայում սպասվում է լուրջ միջազգային մրցաշար: Որպես ընդունող երկիր՝ պետք է մասնակցենք հաշմանդամություն ունեցող յոթ մարզիկով: Չնայած մենք արդեն 12 մարզիկ ենք հավաքագրել այդ մրցաշարի համար:

Նախնական տվյալներով մրցաշարին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող լեռնադահուկորդներ Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Իրանից եւ Բուլղարիայից:

Նախատեսում ենք համագործակցել նաեւ Հայաստանի մի շարք այլ մարզաձեւերի ֆեդերացիաների հետ»:

 

Այլ նորություններ