ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՝ ԵՐԿՐՈՐԴԸ

13:07 - 17 Հուն, 2021

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվեց  Եվրոպայի  ազատ  ըմբշամարտի պատանեկան առաջնությունը:  Հայաստանի պատվիրակությունը  մրցավայր էր մեկնել ինը ըմբիշով: Նրանցից  յոթը դարձան մեդալակիր:  

Խոսուն հաղթանակներով պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին և ոսկե մեդալի արժանացան Գյումրիի և Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջների սովորողներ Անդրանիկ Ավետիսյանը / 55կգ /  և իջևանցի Արեն Իսրայելյանը  / 71 կգ /:

Գոհացրին Ռազմիկ Գոլեցյանի անվան Արտաշատի մարզադպրոցի ներկայացուցիչները:  Հայկ Գասպարյանը / 45 կգ /   դարձավ փոխչեմպիոն և պարգևատրվեց   արծաթե մեդալով: Նրա մարզընկերներ  Սարգիս Բեգոյանը  / 48կգ /, Անուշավան Բարսեղյանը  / 65 կգ / և Նարեկ Գրիգորյանը  / 80 կգ /  արժանացան բրոնզե պարգևների: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նաև ագարակցի  Տիգրան Բունիաթյանը  / 51 կգ /:

Թիմային հաշվարկում առաջ թողնելով  միայն  ՌԴ ըմբիշներին , մեր ազատ ոճայինները գրավեցին պատվավոր երկրորդ  տեղը:

Նման հաջողությունը մեզանում առաջինն է Եվրոպայի պատանեկան ստուգատեսների պատմությունում: Այս առթիվ շնորհավորեցինք տունդարձի ճամփան բռնած թիմին և ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ, Սիդնեյի օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր Արշակ Հայրապետյանին: Նրանից տեղեկացանք, որ հաջողությունը պատկանում է մրցանակակաիրների անձնական մարզիչներին, հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Շահվերդյանին, մյուս գործընկերներին:

30 երկրների թիմեր են մասնակցել Եվորպայի առաջնությանը: 16 – 18 տարեկան այդ տղաների մասնակցությամբ բազմաթիվ գոտեմարտեր աչքի են ընկել դիտարժանությամբ, իսկ շատերն առանձնացել են  մարտունակությամբ, ըմբշամարտը գեղեցկացնող հնարքների առատությամբ ու տակտիկական  հարուստ բովանդակությամբ:

Արշակ Հայրապետյանն  իր սաների մրցելույթների վերաբերյալ  ասաց, որ ցանկացած կարգի մրցաշարերում, մասնակիցները, նույնիսկ ՝ հաղթողները զերծ չեն լինում թերություններից: Անհրաժեշտ է վերլուծել, գտնել, շտկել սխալները , որպեսզի հնարավորինս բարձրակարգ ըմբիշներ <<  փոխանցենք >>  երիտասարդական թիմ: Այնտեղ, իհարկե, անելիքներն ավելի շատ են, մարզիչների բեռնվածությունը ՝ նույնպես: 

Վաղը ՝  հունիսի 18 –ին  Սամոկովի մարզապալատի մրցագորգերը կտրամադրվեն  հունահռոմեականներին:

 

 

 

 

Այլ նորություններ