ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

10:22 - 06 Օգո, 2021

Տոկիոյի օլիմպիական ռինգում իր չորրորդ մրցելույթն  ունեցավ  Հովհաննես Բաչկովը / 63 կգ /:  Նա արդարացրեց ակնկալիքները: Սա ասելով նկատի ունենք ոչ թե կիսաեզրափակիչի ելքը, այլ  նրա մարտունակությունը,  մրցակցից հաղթանակ պոկելու անհագ ցանկությունը:

Ամերիկացի   Քեյշոուն Դևիսի հետ այսօր ՝ օգոստոսի վեցին կայացած հանդիպման ամբողջ ընթացքում Հովհաննեսն անընդհատ հետապնդողի դերում էր: Շատ էր ցանկանում մոտենալ բարձրահասակ մրցակցին ու իր վարպետությունը ցուցադրել մերձամարտում և միջին տարածություններում:

Գյումրեցուն հաճախ էր հաջողվում մերձենալ ամերիկացուն , բայց  ցանկությունը կատարել չէր հաջողվում, քանզի  մրցակիցը անմիջապես բռնում, << կլինչ >> էր  մտնում՝ խախտելով կանոնները:

Ռինգի մրցավարը ի վերջո մեկ անգամ  նկատեց խախտումը և զգուշացում տվեց նրան: Դրանից Դևիսը չսթափվեց, չզգուշացավ ու,  չգիտես ինչից կամ ումից վստահություն ստանալով՝  շարունակում էր իրենն անել.  բռնել հայորդուն:

Կողային մրցավարները երևի թե  նույնպես  << չնկատեցին >> իրականությունը: Արդյունքում երեք ռաունդից միայն մեկում  նրանք նախապատվությունը տվեցին մեր պատվիրակին: Սա չի նշանակում թե մրցակիցները հարվածներ չփոխանակեցին: Հովհաննեսին հաջողվեց կատարել տարատեսակ դիպուկ հարվածներ, նույնիսկ հարվածաշարեր: Իսկ Քեյշոունը, որը ցնցող հարվածների շնորհիվ նախորդ փուլերում մրցակիցներին հաղթել էր բացահայտ առավելությամբ, այս անգամ հաջողության  հասավ հեռու տարածությունից << կտկտոցներով, շոշափումներով >>:

Հովհաննես Բաչկովը կարող էր ցուցադրաբար դժգոհել մրցավարությունից: Բայց փառք ու պատիվ գյոմւրեցուն , ով արժանապատիվ պահվածքով հեռացավ ռինգից:

Կաշվե ձեռնոցի հայ վարպետը օլիմպիական խաղերից հայրենիք կվերադառնա բրոնզե  պարգևով:

Շնորհավորում ենք  նորընծա մեդալակրին, նրա մարզիչներին և շնորհալի մարզիկից ակնկալում  նոր նվաճումներ:

Այլ նորություններ