Հայ ֆուտբոլասերը բարձր տրամադրությամբ էր ներկայացել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն: Նա եկել էր իր ընտրանուն ոգևորելու, նրա հաղթական խաղը տեսնելու նպատակով: Եվ մարզասերը առաջին խաղակեսում լիովին գոհացավ. տանտերերը բարձր վարպետություն ցուցադրեցին և 5 – 6 անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Ավելին, մրցակիցը գրեթե չանհանգստացրեց մեր դարպասապահին:
Ասածը վերաբերում է ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հավաքականների պատասխան հանդիպմանը, որի առաջին խաղակեսում գոլ չարձանագրվեց:
Մինչ թիմերը կսկսեին երկրորդ կեսի պայքարը, մարզասերը ակնկալում էր, թե ուր որ է մերոնք դիպուկ հարվածներով իրենց հաշվին գոլ կգրանցեն և վրեժխնդիր կլինեն առաջին խաղում 0 : 2 հաշվով կրած պարտության դիմաց: Իսկապես, խաղում երկու գոլ գրանցվեց, բայց՝ հյուրերի օգտին: Այո, մակեդոնացիները հաղթեցին դարձյալ 2 : 0 հաշվով:
Հետխաղյա մամուլի ասուլիսում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը ասել է, որ մտել է հանդերձարան և տղաներին շնորհակալություն հայտնել: Նշել է նաև , որ վերջին շրջանում մեր ֆուտբոլիստների խաղաոճում դրական փոփոխություն է նկատվում, քանզի նրանք սկսել են ագրեսիվ ֆուտբոլ խաղալ:
Մարզչի կարծիքով, իր խնամարկյալներից ոչ – ոք չի թերացել, իսկ Իվուի խաղը նրան լիովին գոհացրել է:
Պետրակովը ձախողման համար արժանապատվորեն պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Նա նաև շնորհակալ է եղել երկրպագուներին՝ մեծ աջակցության համար:
Մրցավարտից հետո, ինչպես հաղորդել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնից ազատվել է:
Որոշումը, ինչ խոսք, ֆեդերացիայի գործն է, մանավանդ որ մասնագետն ինքն իրեն է մեղավոր համարել: Իսկ ահա հարց է առաջանում թե՝ Պետրակովը խորհուրդ է տվել, որ առաջին կեսում հիանալի գործողություններով դաշտի տերերը գոհացնեն ֆուտբոլասերներին, իսկ երկրորդում անպայման պիտի պարտվեն: Իհարկե ոչ:
Ենթադրում ենք, որ առաջին կեսում աշխատասիրությամբ աչքի ընկած մեր մարզիկները սպառեցին իրենց ուժերը, հոգնեցին, ընդմիջման ընթացքում << սառեցին >> և երկրորդ կեսում, անբավարար ֆիզպատրաստականության պատճառով, չկարողացան դիմանալ լարվածությանը ու գլխիկոր հեռացան ասպարեզից:
Չենք կարծում, որ հավաքականի գլխավոր մարզիչը նախախաղային մի քանի օրում կարող է բարելավել սաների հատուկ և ընդհանուր ֆիզպատրաստականության որակները: Իսկ ինչու չխոստովանել, որ մեր պատանեկան և երիտասարդական հավաքականները ավանդաբար պարտվում են / ավելի հաճախ՝ խայտառակ հաշիվներով / միջազգային պաշտոնական ստուգատեսներում: Հարկ է նաև ընդգծել, որ մեր երկրի առաջնությունում ընդգրկված ակումբային թիմերում մեծ թիվ չեն կազմում տեղացիները: Օրինակ, ներկա վիճակով ազգային թիմ է համարվում միայն ԲԿՄԱ –ն, որտեղ հանդես են գալիս զինծառայող ֆուտբոլիստներ: Ավաղ, նրանց վարպետությամբ հպարտանալ չենք կարող, որովհետև հուսալի պատրաստականություն չունեն և այդ մասին է վկայում մրցաշարային աղյուսակը . . .