Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ։ Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ նախնական երկու փուլերում մեկական հաղթանակ ու պարտություն գրանցելով, այնուհետև երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց մեքսիկացի Միգել Ան Ուգալդեին և արժանացավ բրոնզե մեդալի:
Լողորդ Արթուր Բարսեղյանը 100մ ազատ լողաոճի նախնական փուլը հաղթահարեց 51․33 վայրկյանում և մտավ կիսաեզրափակիչ։ Այս արդյունքը Հայաստանի պատանեկան նոր ռեկորդ է։ Հիշեցնենք, որ Արթուրը նույն ՝ ազատ ոճի 50 մ տարածության կիսաեզրափակիչը անցել էր 22․69 վայրկյանում,որը Հայաստանի մեծահասակների նոր բարձրագույն նվաճում է։ Այսպիսով Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերում արդեն սահմանել է հանրապետական երկու ռեկորդ։
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ծանրամարտի աղջիկների մրցաշարում Հայաստանից իր ունակությունները կդրսևորի Լիանա Գյուրջյանը /+ 63կգ /։
ՀԱՕԿ լրատվական բաժին