Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է մարզչական կազմի հետ։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Երևանում հուլիսին պետք է տեղի ունենա մինչև 20 տարեկան մարզուհիների Եվրոպայի առաջնության՝ չելենջ-մրցաշարը: Լուրջ ուշադրություն պետք է հատկացնել նախապատրաստության հարցերին:
Վերլուծել են նաև Հայաստանի պատանեկան բասկետբոլի համապետական մրցաշարերի արդյունքները։ Այս առումով չափազանց կարևոր են մարզիչների բանիմաց, նպատակային աշխատանքները: Պատանիներն ավելի հեշտ են յուրացնում տեխնիկական հնարքները, մտապահում տակտիկական պարզ առաջադրանքները: Այդ ամենը մրցումների ընթացքում խաղացողները հղկում, աստիճանաբար հասունանում, ձևավորվում ու դառնում են հուսալի վարպետներ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացում արծարծվել են մարզաձևին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հիշեցնենք, որ մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիների Եվրոպայի առաջնության չելենջ–մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում, հուլիսի 13-18- ը՝ Երևանի նախկին << Արաքս >> - << Միկա >> մարզապալատում։