Երևանի քաղաքապետարանի գեղասահքի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի առաջնությունը: Տնօրեն Մելինե Ավագյանը զրույցի ժամանակ ասաց, որ այն կարելի է նաև բաց մրցաշար անվանել, քանզի մասնակցեցին նաև Մոսկվայի ներկայացուցիչները: Նրանց թվում կային տարիքային տարբեր խմբեր ներկայացնող պարային զույգեր և մենասահորդներ: Այդ հանգամանքը խթանեց մրցակցությանը, սա էլ իր հերթին ՝ տանտերերի մրցափորձի հարստացմանը և վարպետության աճին:
Ասենք նաև, որ գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի / նախագահ Մելանյա Ստեփանյան / նախաձեռնությամբ առաջնությունը նվիրվեց բոլորովին վերջերս կյանքին հրաժեշտ տված Արմինե Հայրապետյանի հիշատակին: Նա անվանի մարզիչ Սամվել Հայրապետյանի տիկինն էր և մեր լավագույն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանի մայրը:
Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ավելի քան 90 մարզիկ- մարզուհիներ մասնակցեցին մրցությանը: Իսկ Հայաստանի չեմպիոններ դարձան մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, մոսկվացի Վալերիա Սիդորովան և Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը:
Երիտասարդների մրցավեճում լավագույնն էին մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը և Ալիսա Կորնևա-Էդվարդ Տեր-Ղազարյան պարային զույգը: