ՀՈՒՆԻՍԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՕՐՅԱԿՈՒՄ

10:27 - 25 Մայ, 2021

Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությամբ  հունիս ամսին  նախատեսված է  ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին  / Երևանի ժամանակով /`   Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի << Ֆրենդս Արենա >>  մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական մրցամարտը:

Մեր ընտրանու  գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ՝ 23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ է: 

Առաջին անգամ թիմ են  հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, << Արարատ-Արմենիայի >>  պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը,  << Ալաշկերտի >>  կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և  << Ուրարտուի >>  հարձակվող Կարեն Մելքոնյանը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.

<< Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:

Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում >> :

 

 

Այլ նորություններ