Դրաժեն Բրայկովիչը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը

10:46 - 17 Փետ, 2016

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը:

Բրայկովիչի գլխավորությամբ Հայաստանը հանդես կգա հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

Դրաժեն Բրայկովիչը ներկայումս գլխավորում է Սլովակիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Կոշիցե» ակումբը:

54-ամյա խորվաթ մասնագետը 25 տարվա աշխտանքային փորձ ունի: Նախկինում նա աշխատել է մի շարք ակումբներում և հավաքական թիմերում: Դրաժեն Բրայկովիչի գլխավորությամբ Խորվաթիայի մինչև 16 տարեկանների հավաքականը 2010 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Բրայկովիչը աշխատել է նաև հարևան Վրաստանում՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը 2004-05թթ.: Այդ ընթացքում նա գլխավորել է նաև Թբիլիսիի «Դինամոն»:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության A ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Վրաստանի հավաքականների հետ:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հունաստանի Խալկիդա քաղաքում, հուլիսի 15-ից 24-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին 


Այլ նորություններ