Վերջին տարիներին հաճելիորեն զարմացնում են մենապայքարային մարզաձևերի մեր բարձրքաշային մարզիկները: Խոսքը վերաբերում է նաև բռնցքամարտին:
Լեհաստանի Կելցե քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը մեր բռնցքամարտում առաջինը դարձավ աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն:
Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ Հովհաննեսը երեք հաղթանակ տոնեց: Էստոնացի և կուբացի մրցակիցների նկատմամբ առավելության հասավ ժամանակից շուտ: Ուրիշ էր ուկրաինացու հետ մենամարտը: Այն ընթացավ չափազանց լարված պայքարում: Որոշիչը դարձավ երրորդ ռաունդը, որտեղ Նորք –Մարաշ համայնքի մարզադպրոցի 18 –ամյա սանը տղամարդկություն դրսևորեց, առանձնացավ կամային բարձր հատկանիշներով ու պոկեց հաղթանակը: Այն որոշակի հետևանք ունեցավ, և եզրափակիչում, ուզբեկստանցու հետ հանդիպման ժամանակ, Հովհաննեսի գործողություններում զգացնել տվեց գերհոգնածությունը:
Մեր բռնցքամարտիկը բավարարվեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումով:
Մեդալակիր կարող էր դառնալ նաև Ռուսլան Ասլիկյանը / 56 կգ /: Նա գեղեցիկ ոճով հաղթեց իսպանացի, ուկրաինացի մրցակիցներին և քառորդ եզրափակիչում մրցեց իտալացու հետ: Կողային հինգ մրցավարներից երկուսը նախապատվությունը տվել էին Ռուսլանին, երկուսը ՝ իտալացուն: Չգիտես ինչու համակարգիչը 3 : 2 հաշվով առավելություն գրանցեց մրցակցի օգտին: Բողոքարկեցինք, բայց հանձնաժողովը չընդունեց մեր հայտը , - այդպես իր խոսքն ավարտեց Աղամալյանը:
Նշած երկու մարզիկները Երևանի պետական մարզական քոլեջի սովորողներ են: