Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի հերթական նիստը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա առաջարկեց հոտընկայս հարգել ընթացիկ տարում կյանքին հրաժեշտ տված մարզաշխարհի ականավոր ներկայացուցիչներ Ալբերտ Ազարյանի, Միքայել Իսպիրյանի, Բագրատ Բուռնազյանի և Նիկոլայ Ղազարյանի հիշատակը:
Գլխավոր քարտուղարը զեկուցեց 2023թ. ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին, նշելով, որ սպորտը համախմբման, միասնության, համերաշխության շարժիչ ուժն է, համայն հայության միավորող ուժը:
ԿԳՄՍՆ –ի , հանրապետական մարզական ֆեդերացիաների և մարզական համապատասխան մյուս կազմակերպությունների հետ լուրջ աշխատանքներ են տարվել ֆիզկուլտուրան երկրում մասսայականացնելու, սպորտը զարգացնելու և օլիմպիական գաղափարները բնակչության շրջանում տարածելու ուղղությամբ:
Հիմնանորոգվել ու վերանորոգվել են մի քանի մարզադպրոցներ՝ Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ եկող տարի համանման աշխատանքներ կարվեն Շիրակում:
Երկրի բնակչության առողջությունը կոփելու, տուրիզմը և ակտիվ հանգիստը կազմակերպելու ու զարգացնելու նպատակով ՀԱՕԿ –ը լուրջ ներդրումներ է կատարել Ծաղկաձորի ճոպանուղու գործունեությունը բարելավելու, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանեցնելու ուղղությամբ: Կառուցվել և ավարտական տեսքի են բերվել օժանդակ շինությունները և արհեստական ձյուն պատրաստող համակարգը: Սա շատ կարևոր է Հայաստանի լեռնադահուկորդների վարպետության առաջընթացի համար: Օրինակ, անցյալ տարի, ձյան պակասի պատճառով, ճոպանուղին դահուկորդներին ծառայել է ընդամենը 28 օր: Իսկ ահա արհեստական ձյան առկայության պարագայում ճոպանուղու աշխատանքը, մրցաշրջանում կերկարի յոթ ամսով:
Վերը նշած մարզական կազմակերպությունների համատեղ աշխատանքների և միասնական գործելու շնորհիվ, ավարտվող տարում, հայոց մարզաշխարհի ներկայացուցիչները միջազգային պաշտոնական մրցաշարերում բարձր արդյունքների են հասել:
Հրաչյա Ռոստոմյանը խոսեց նաև Փարիզում եկող տարի կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների նախապատրաստական ընթացքի մասին:
Արդեն ունենք Փարիզի խաղերի մասնակցության ուղեգիր նվաճած յոթ մարզիկներ: Այդ թիվը երևի եռապատակվի, քանզի սպասելիքներ դեռևս ունենք ծանրորդներից, բռնցքամարտիկներից, աթլետներից, հրաձիգներից, մարմնամարզիկներից, ջրացատկորդներից, լողորդներից . . .
Մեր երկրի մարզական պատիվը պահող ներկայացուցիչների հակադոպինգային կրթական և իրազեկման ծրագրերի իրականացման մասին զեկուցումով հանդես եկավ հակադոպինգային գործակալության փոխտնօրեն , պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: Նա մասնավորապես ասաց, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ իրենց կազմակերպության հաստատման և կայացման գործին նեցուկ է լինում ՀԱՕԿ -ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր , մեզանում կազմակերպվել են սեմինարներ, միջազգային համաժողովներ, նկարահանվել են ֆիլմեր, կատարվել է դեղամիջոցների թվայնացման բարդագույն աշխատանքը: Այդ ամենի շնորհիվ է, որ վերջին տարիներին Հայաստանի որևէ մարզիկ չի որակազրկվել:
Հակադոպինգային կազմակերպությունը անելիքներ շատ ունի: Մինչ Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկը, առաջատար բոլոր վարպետները պարբերաբար կենթարկվեն դոպինգ ստուգումների:
Ուրախալի է և այն փաստը, որ հայաստանյան կազմակերպության աշխատակազմից Գոհար Սահակյանը կլինի փարիզյան մարզահանդեսի դոպինգ սպաների կազմում:
Առաջարկություններով հանդես եկան ՀԱՕԿ –ի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը և պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն, որին հաջորդեց պարգևատրության հաճելի արարողությունը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ –ի շքանշանի արժանացավ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը:
ՀԱՕԿ –ի << Տրդատ երրորդ Արշակունի >> մեդալով պարգևատրվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, իսկ ՀԱՕԿ –ի << Վարազդատ Արշակունի >> մեդալով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հրաչյա Ռոստոմյանը: Շնորհավորելով գործընկերներին, նա հավելեց, որ ծրագրեր շատ կան, որոնք պետք է իրականացնել օլիմպիական տարում: Պետք է միասնական աշխատանքը շարունակել: Կարևորվում է համագործակցությունը փորձառու մասնագետների, անվանի վետերանների հետ , նպատակով, որպեսզի մեր պատվիրակությունը հաջողության հասնի Փարիզի ստուգատեսում և խաղերից պարզճակատ վերադառնա հայրենիք:
Հրաչյա Ռոստոմյանը իր խոսքը ավարտեց ամանորյա շնորհավորանքով: