Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի խորհուրդը պաշտոնական հայտ կներկայացնի ՄՕԿ՝ 2032թ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու համար: Այդ երկրի ԱՕԿ –ի ղեկավար Ջոն Քոութսն ասել է, դա չի նշանակում, որ Բրիսբենն արդեն կդառնա օլիմպիական մայրաքաղաք: Անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավման և հետագա նախապատրաստական աշխատանքները: Ամեն բան պարզ կդառնա առաջիկա հուլիսի 20 – 21 –ը նախատեսված միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:
Բրիսբենն առայժմ միակ հավակնորդն է և ՄՕԿ-ի գործկոմը փետրվարի 25-ին կայացած նիստում, այն անվանել է գերակա տարբերակ:
Մարզահանդեսն անցկացնելու հարցում հետաքրքրված են Դոհայի, Բուդապեշտի և Գերմանիայի Ռեյն-Ռուր տարածաշրջանի իշխանությունները :
Ստուգատեսի իրավունքի համար պայքարի շարունակման հաջորդ քայլը կլինի մրցութային փաստաթղթերի և պաշտոնական դիմումի ներկայացումը՝ մինչև ապրիլի 7-ը:
Ի դեպ, դեմ քվեարկած միակ մարդը Ավստրալիայի կանաչների կուսակցության անդամ Ջոնաթան Շրին է: Նրա կարծիքով, լայնամասշտաբ ծրագրի իրականացումը կարող է բացասաբար ազդել Քվինսլենդի նահանգի տնտեսության վրա:
Հաղթելու դեպքում Ավստրալիան երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղեր: Առաջինն անցկացվել է Մելբուռնում՝ 1956թ. իսկ երկրորդը ՝ Սիդնեյում ՝ 2000թ.:
2000թ․ հաջողությամբ անցկացված մարզահանդեսից հետո հասարակությունն աջակցում է նոր նախագծին։