Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի մարտուղյակներում իրենց հարաբերությունները որոշեցին Հայաստանի երիտասարդական առաջնության 105 մասնակիցներ: Հաղթողի պատվին արժանացան ՝ խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը,Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը և թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը:
Գլխավոր մրցավար Արտաշես Մադոյանը ասաց, որ մրցողները ներկայացնում էին Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքները: Սուսերակիրների ընդհանուր պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Ավելին, ի հայտ եկան շնորհալի նոր մարզիկներ: Մասնավորապես ուրախացրին գյումրեցի 4 – 5 բնածին օժտվածությամբ ճկասուսերակիր աղջիկներ և տղաներ: Երկրի երկրորդ քաղաքում նաև լավն այն է, որ գործում են բոլոր երեք զենքաձևերի խմբեր: Այդ առումով չի գոհացնում Վանաձորը, որտեղ կան միայն թրասուսեր մրցաձևի խմբեր:
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի Դուբայում ապրիլի 5 –ին մեկնարկող աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին: