Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը / Լյուբլյանայում / կայացել է առկա ձևաչափով։ Պատվիրակները քննարկել են Լեհաստանում 2023թ. կայանալիք Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքները և ընդունել են մի շարք կարևոր որոշումներ։
Այնուամենայնիվ, գործկոմի ոչ բոլոր անդամներն են անձամբ մեկնել Սլովենիա: Մի շարք երկրներում շարունակվում են սահմանափակումները և այդ պատճառով որոշ պաշտոնյաներ միջոցառմանը մասնակցել են տեսակապի միջոցով։
Եվրոպայի երրորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձև : Կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների անցկացման ճանապարհային քարտեզը։
ԵՕԿ –ի գլխավոր քարտուղար Ռաֆայելե Պանյոցին զեկուցել է համաճարակից տուժած ազգային օլիմպիական կոմիտեներին օգնության ծրագրի իրականացման մասին։
Քննարկման կենտրոնական թեմաներից է եղել ԵՕԿ - ի 49-րդ գլխավոր ասամբլեայի նախապատրաստությունը: Այն պետք է անցկացվեր հոկտեմբերի վերջին` Ստամբուլում, բայց վիրուսի հետ կապված կազմակերպչական դժվարությունների պատճառով միջոցառումը հետաձգվել է և կկայանա Հռոմում` նոյեմբերի 27-ին:
Դիտարկվել է նաև Եվրոպական խաղերում և երիտասարդական օլիմպիական փառատոններում թեստավորման անկախ կազմակերպության հակադոպինգային ծրագիր իրականացնելու առաջարկը, ինչպես նաև կիբերսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու հարցը:
Աշխատանքային օրվա ավարտին գործկոմի անդամները, Սլովենիա գործնական այցով գտնվող ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի հետ ներկա են գտնվել բարեգործական կազմակերպության երեկոյի, որը միջոցներ է հայթայթում անապահով ընտանիքների մարզիկների համար: