ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը այս գարնանը մրցուղերթի մեկնեց Լոնդոն։ Այնտեղ մեկնարկած օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարի ընթացքը հաջող էր։ Նախնական փուլերի հանդիպումները վստահ էին անցկացնում կաշվե ձեռնոցի մեր վարպետները։ Ավելին, Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ / հասել էր քառորդ եզրափակիչ, նվաճել օլիմպիական ուղեգիր և պետք է պայքարը շարունակեր հաղթողի պատվին արժանանալու համար։ Հույս կար, որ մեր ևս մի քանի մարզիկներ տուն կվերադառնային օլիմպիականի կարգավիճակով։ Ավաղ, այդ ստուգատեսը անավարտ մնաց, քանզի կորոնավիրուսը << ներխուժել էր >> նաև որոշ հայտավորվածների օրգանիզմում և կազմակերպիչները ՄՕԿ –ի որոշումով ընդհատեցին մրցաշարը։ Թիմերը, նրանց թվում ՝ մեր հավաքականը, վերադարձան իրենց երկրներ։
Հայ բռնցքամարտիկները որոշ ժամանակ դադարեցին մարզվել։ Այնուհետև տեղերում, ամեն մեկն իր անձնական մարզչի ղեկավարությամբ, սկսեցին բացօթյա պարապել։
Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ թիմը մեկ շաբաթ առաջ մեկնեց Խարկով՝ Ուկրաինայի ազգային հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, իր օգնականներ Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի հետ, մարզավայր է ուղեկցել տասը բռնցքամարտիկի։ Կլիմայավարժեցման փուլը հաղթահարելուն զուգահեռ տղաները նաև մասնագիտական վարժանքներ են կատարել։
Վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանից տեղեկացանք, որ օգոստոսի 18 –ին մեր թիմը միացավ և սկսեց համատեղ մարզվել Ուկրաինայի ազգային հավաքականի հետ։
Օգոստոսի 23 – 24 –ին տեղի կունենան երկու հավաքականների ընկերական հանդիպումները։ Դրանք հավանաբար կանցկացվեն Խարկովի կենտրոնական հրապարակում և կնվիրվեն քաղաքի օրվան։
ՀՀ հավաքականը հայրենիք կվերադառնա օգոստոսի 28 –ին։