ՄՐՑԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

11:30 - 13 Օգո, 2020

Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիան  ծրագրով նախատեսված երկու ավանդական  միջոցառում կանցկացնի սեպտեմբերին։ Այդ ամսի 12 – 13 –ին Թուրքիայում կմրցեն մինչև 20 տարեկան, իսկ 29 – 30 –ին ՝ Ռումինիայում ՝ մեծահասակ մարզիկները։  

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ անցյալ տարվա արդյունքներով  են որոշվել  թիմերի կազմերը։ Նախատեսված է Թուրքիա գործուղել երեք, իսկ Ռումինիա ՝ շուրջ ութ մարզիկ – մարզուհի։ Երիտասարդները  արագավազորդներ են և ցատկորդներ։ Մեծահասակները  կպայքարեն ցատկերում, միջին տարածության / 1800 և 1500 մետր/ ,   3000 մետր հեռավազքում և խոչընդոտավազքում։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է Հայաստանի աթլետներին տեսնել Բալկանյան երկրներում կայանալիք բոլոր ստուգատեսներում, քանզի դրանք չափազանց օգտակար են վարպետության առաջընթացի և մրցափորձի հարստացման առումով։ Առաջիկա  գործուղումների համար միակ խնդիրը թերևս միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը  բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի մարդիկ հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում  մարզումները ։

 

Այլ նորություններ