Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան / IJF / հայտարարել է օրացուցային ծրագրում կատարված փոփոխության մասին: Չեղյալ է հայտարարվել Փարիզում մայիսին նախատեսված << Մեծ սաղավարտի >> մրցաշարը։ Օլիմպիական վարկանիշային այդ ստուգատեսը կանցկացվի Կազանում ՝ մայիսի 5-7-ը։
Մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը տեղի կունենան մարզաձևի միջազգային << Մեծ սաղավարտի >> մրցաշարեր Թբիլիսիում ՝ մարտի 26 - 28 –ը, Անթալիայում՝ ապրիլի 1 – 3-ը, Կազանում՝ մայիսի 5 -7 –ը, ինչպես նաև Եվրոպայի լիսաբոնյան / ապրիլի 16 –ից / և աշխարհի բուդապեշտյան / հունիսի 6 – ից / առաջնությունները:
ՌԴ Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ձյուդոյի թիմը: Գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հովհաննես Դավթյանի և նրա օգնական, երիտասարդականի ղեկավար Դավիթ Խաչատրյանի գլխավորած ընտրանուց այնտեղ պարապում է 15 ձյուդոիստ: Հավաքը կավարտվի մարտի 27 –ին, բայց մինչ այդ Թբիլիսի կմեկնեն գլխավոր մարզիչը և մեր առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Հայաստանի պատվիրակը կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին: Հաջողության պարագայում Ֆերդինանդը կհարստացնի իր միավորների քանակը և կմեծացնի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից դառնալու հնարավորությունը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնադրությունը:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և իր քաշային կարգի / 73 կգ / վարկանիշային ցանկում 38 - րդն է: Նոր մրցակարգով, Տոկիոյի խաղերում, յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որից 13 –ը ՝ եվրոպացիներին, և որից երեքը ՝ 73 կգ քաշայիններին: Արժե նշել , որ խաղեր մեկնող թիմերը յուրաքանչյուր քաշային կարգում պետք է ներկայացնեն միայն մեկ ձյուդոիստ: Մինչդեռ որոշ երկրներում Ֆերդինանդից ավելի միավորներ ունեցողներ կան: Բնականաբար նրանցից միայն մեկը պետք է ներկայանա իր երկրից ՝ տվյալ քաշային կարգում : Լրացուցիչ այլ պայմաններ նույնպես կան և մանրակրկիտ վերլուծության արդյունքում, այս պահին, Ֆ. Կարապետյանն իր քաշային կարգում, ոչ պաշտոնապես, գտնվում է ոչ թե 38 –րդ , այլ ՝ 24 րդ հորիզոնականում:
Չկասկածենք առաջիկա վարկանիշային մրցաշարերում մեր պատվիրակի հաջողությանը: Եվ սակայն, օլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30 –ին: