ՄՈՍԿՎԱ – 80․ ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

11:53 - 03 Օգո, 2020

Ծնվել է 1961թ.  օգոստոսի 14 –ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ,օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիր է։ Սահմանել է 14 համաշխարհային ռեկորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է։

Մարզվել սկսեց  10 տարեկանում, իրենց գյուղի ծանրամարտի խմբում։ Երկու տարի  պահանջվեց, որպեսզի 15 –ը բոլորած տղան դառնա ԽՍՀՄ  պատանեկան հավաքականի անդամ։ Այստեղ լիովին բացահայտվեց   էջմիածինցու բնածին օժտվածությունը։ 18 տարեկանում դարձավ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։ Այդ ստուգատեսում, 56 կգ քաշային կարգում,  ուժեղագույնի կոչման իրական հավակնորդները երկու հայաստանցիներ էին՝ Յուրի Սարգսյանը և արարատցի Սամվել Մուրադյանը։ Նրանք նույն հաջորդականությամբ տեղ գրավեցին պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճաններին։

Յուրի Սարգսյանի նվաճումները վկայում են նրա ծանրակշիռ ներդրումը համաշխարհային ծանրամարտում։ Իհարկե, նա կարևորել է հատկապես օլիմպիական մրցաշարերը։ Նման մարզահանդեսում նրա նորամուտը տեղի ունեցավ 1980թ․ Մոսկվայում։ Հնարավորությունները մեծ էին։ Ավաղ, ընդամենը 19-ամյա ծանրորդին խանգարեց մրցափորձի պակասը,  գերլարվածությունը  ․ ․ ․ Առաջին ՝ պոկում վարժությունում, ինչպես հիշում է հայ ծանրորդը, մոտեցումները ծանրաձողին չէր զգում։ Հնարավոր է նախամեկնարկային տենդը խանգարեց, որ  առաջին մոտեցմամբ  չկարողացավ իր կամքին ենթարկել  112, 5 կգ ծանրաձողը։ Իսկ վարժությունում գրավեց  վեցերորդ հորիզոնականը։

Ընդմիջմանը մեր մարզիկին ներկայացրին Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանին։ Նա հայրաբար ասաց, որ վարպետության պարագայում երկրների  բնակչության քանակը դեռևս որակ չի դառնում։ Այդ մասին բազմիցս ապացուցել ես քո բարձրացրած չեմպիոնական կիլոգրամներով։ Ուրեմն ինչու չհաղթել ու տեղ չունենալ օլիմպիական պատվանդանի վրա։ Հանգիստ եղիր, հավատա քո ուժերին։ Մենք կհետևենք քո ելույթներին ու ականատես կդառնանք  հաջողությանդ։

Այդպես էլ եղավ։ Հրումում նրա ցույց տված 157, 5 կգ ծանրությունը համաշխարհային նոր ռեկորդ էր, որով դարձավ վարժության միանձնյա հողթող և  երկամարտի 270 կգ գումարով  նվաճեց  օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը։

Խաղերին հաջորդած մրցաշարերում ծանրահարթակին մոտենալիս Յուրան միշտ հիշել է մեր երկրում չափազանց  մեծ հարգանք վայելած Կարեն Դեմիրճյան ղեկավարի խոսքերը։

ԽՍՀՄ փլուզումից հետո էջմիածինցի վարպետը բնակություն հաստատեց Ավստրալիայում։ Այնտեղ մարզվում էր տեղի հավաքականի կազմում և զուգահեռաբար  զարգացնում  էր իր  հիմնած  բիզնեսը։

Անցած տասնամյակների ընթացքում ընդամենը մի քանի անգամ ենք հանդիպել անվանի ծանրորդին, հետը զրուցել։

Կյանքի չորրորդ տասնամյակն էր շեմքել , բայց չէր հեռացել գործուն սպորտից։ Պատասխանեց, որ  ասպարեզում կմնա այնքան, մինչև որ պարտվի ծանրորդ որդուն։ Եվ նա կատարեց խոստումը։ Թերևս հավելենք, որ հայրիկի հետքերով գնացող զավակը չկարողացավ կրկնել ծնողի հաջողությունները։

Մի անգամ ՀԱՕԿ այցելած Յուրային կատակով ասացինք, որ թեև մազերը ալեխառն են դարձել, գուցե նաև մեծահարուստ է, բայց չի մեծամտացել, մնացել է նույն համեստ ծանրորդը։ Հիշեց 1983թ․ Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունը։ ԽՍՀՄ հավաքականի անդամ Հայաստանի եռյակը չեմպիոն հռչակվեց։

-         Տունդարձին, օդանավակայանում, թեև հասակով զիջում էի մեծն Յուրի Վարդանյանին, բայց նրա մոտ չէի համարձակվում կանգնել, - հիշեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Սարգսյանը։ - Այո, ինքս էլ աշխարհի չեմպիոն էի, բայց գիտակցում էի, որ հանճարեղ վարպետի հետ էի, մի չեմպիոնի, ում յուրաքանչյուր մոտեցումը ծանրաձողին յուրատեսակ դաս էր հանդիսանում նույնիսկ հեղինակությունների համար։ Շուրջ տասնյակ տարրեր ու կապակցություններ կատարում էր հստակ ու վստահ՝ վայրկյանների ընթացքում։ Միամիտները կասեն՝ բոլոր ծանրորդներն են դա անում։ Բայց չէ, նախորդ դարի աշխարհի լավագույն ծանրորդը, մեր մարզաձևի համաշխարհային առաջնորդ Յուրի Վարդանյանն ուրիշ էր։

Ես  էլ եմ աշխարհի բազմակի ռեկորդակիր։ Բայց իմ սանձած կիլոգրամների տարբերությունը անկարելի է համեմատել վարդանյանականի հետ։ Ամեն բան պիտի գիտակցել ու գնահատել, ու այդ դեպքում հանճարի հետ չափվելու փորձ անգամ ոչ մեկի մտքով չպիտի անցնի։ Իմ համեստ նվաճումների համար նաև Յուրի Վարդանյանին եմ պարտական։ Նա հայրենակիցներին և ընդհանրապես հավաքականի տղաներին ոգեշնչում, հաղթանակի էր մղում։ Ավելի քան մեկ տասնամյակ հզոր երկրի հավաքականի ավագն էր նա։ Նրա օրոք նույնիսկ գերծանրքաշայինները ցածրքաշայիններին հեգնելու փորձ բնավ չեն արել․ վարպետը նրանց << թարս >> կնայեր ․ ․ ․

Յուրի Սարգսյանի մասին կարծես քիչ բան ասացինք։ Իրականում այդպես չէ, քանզի նրա ասածները իրեն լիովին բնորոշեցին․ աշխատասիրություն, ազնվություն և նվաճումներ։

 

 

 

 

 

Այլ նորություններ