Խաղային մարզաձևերի հայաստանցի վարպետներից ոչ մեկը նվաճումների քանակով չի հավասարվում մականորդ Սոս Հայրապետյանին : Փաստենք ասածը. ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն, հնգակի գավաթակիր և ժողովուրդների համամիութենական ամառային սպարտակիադաների եռակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի ակումբային թիմերի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր / 1980 թ.,Մոսկվա / : 1977 – 1991 թթ. եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ , մասնակցել է երեք օլիմպիական խաղերի / 1980, 1988, 1992 թթ. / : Սոսի համար Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը /1984թ. / կարող էր լինել չորրորդը, բայց ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը բոյկոտեց միջոցառումը և փոխարենը անցկացրեց << Բարի կամքի խաղեր >>, որի կազմում հայ մարզիկը դարձավ չեմպիոն: Նա երկար տարիներ ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում և 1980 – 1985 թթ. ճանաչվել լավագույն պաշտպան, իսկ 1985 –ին հռչակվել է աշխարհի լավագույն մականորդ:
Երևանում 1959թ. ծնված Սոս Հայրապետյանը 1991 –ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Հանդես է եկել ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Սվերդլովսկի ԲՄԱ / բանակի մարզական ակումբ /, Ալմաթիի << Դինամո >>, Հրազդանի << Հրազդան >> թիմերում և մեծ ներդրում է ունեցել նշած ակումբների հաջողությունների գործում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը, ԽՍՀՄ փլուզումից հետո, 1992թ. տեղափոխվեց Գերմանիայի Համբուրգ և դարձավ այդ քաղաքի << Ուհլենհորսթեր >> ակումբի խաղացող մարզիչ: Այդ ակումբի կազմում 2004թ. դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն և հրաժեշտ տվեց գործուն սպորտին: Դրանից հետո նա հանդիսանում է նշած կոլեկտիվի և բարձրագույն խմբի << Ուհադե >> ակումբի թիմերի մարզիչը:
1977-ին ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկուն եղել է, որքան էլ զարմանալի է, Երևանի ՖԻՄԱ –ի պաշտպան Սոս Հայրապետյանը: Նրա վերընթացը թռիչքային է եղել: Նույն թվականին, Մոսկվայում անցկացված համամիութենական մրցաշարում, Սվերդլովսկի ԲՄԱ –ի ավագ մարզիչը տեսել ու հիացել է ՖԻՄԱ –ի պաշտպանի գրագետ խաղով: Երևանցիների գլխավոր մարզիչ, մեզանում մարզաձևի հիմնադիր Աղվան Չատինյանից է զինվորական մականորդների ղեկավարն իմացել, որ Սոսը շուտով զորակոչվելու է բանակ : Նրան առաջարկել է տեղափոխվել Սվերդլովսկ և ծառայության տարիներն անցկացնել բարձրագույն խմբում հանդես եկող ԲՄԱ –ի կազմում : Առաջարկն ընդունվել է: Երևանցին ընդամենը մեկ շաբաթ էր հաստատվել նոր կոլեկտիվում, որի հետ մեկնեց Ալմաթի ` տեղի << Դինամոյի >> հետ հանդիպման: Խաղից հետո շնորհալի պաշտպանը ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում ու նրա հետ մեկնեց Հոլանդիա ` Եվրոպայի առաջնություն:
1979թ. համամիութենական ժողովուրդների ամառային սպարտակիադայում Հայաստանի խաղային մարզաձերից լավագույն արդյունքը ցույց տվեց ՖԻՄԱ –ն, որը եզրափակեց լավագույն յոթնյակը և մեր պատվիրակության ընդհանուր հաշվեկշիռը հարստացրեց 36 միավորով: Բացի այդ, թիմը համալրած ՖԻՄԱ –ի 14 և << Հրազդանի >> երկու մականորդներ արժանացան ԽՍՀՄ սպորտի վարպետի պատվավոր կոչմանը:
ԽՍՀՄ գլխավոր թիմում խաղընկերները երևանցուն փաղաքշաբար անվանում էին << նեգրիտյոնոկ >>: Թխադեմ ու գանգրահեր հայ վարպետը դրանից չէր տխրում: Հակառակը, հպարտանում էր, որ բացահայտ է երևում իր հայ լինելը: Հավաքականի կազմում նրան տարբերում էին ամենուրեք, նաև` Հնդկաստանում: Այնտեղ 1981 –ին անցկացված աշխարհի առաջնությունում խորհրդային մարզիկները անմասն մնացին խաղարկված պարգևներից և զբաղեցրին մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: Նման դեպքերում լավագույնների անվանակարգերում առավելապես ընդգրկվում են մրցանակակիր դարձած թիմերի նեկայացուցիչները: Լավ խաղ ցուցադրած ու վարպետությամբ աչքի ընկած մարզիկներին, անշուշտ, ծափահարում են մարզասերները: Բնակչության քանակով միլիարդի ձգտող Հնդկաստանում ամենամեծ մասսայականություն վայելող մարզաձևը հենց մականախաղն է, որի գաղտնիքներին տիրապետող, վարպետ կատարողներով հմայվող հնդիկ մարզասերների բուռն ծափերի ուղեկցությամբ մրցումների ականատես, այդ երկրի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդին առաջնության լավագույն մականորդի համար սահմանված ոսկեզօծ թուրը անձամբ է նվիրել Սոս Հայրապետյանին: Ասում են, որ Գանդին հիանալի գիտե Հայաստանը, համաշխարհային ճանաչման արժանացած նրա զավակներին: Նրանցից մեկն է սպորտում մականախաղ մարզաձևը ներկայացնող Ս.Հայրապետյանը, որի անկրկնելի վարպետությամբ հիացած է ինքը` և սիրով է մրցանակը հանձնում հայորդուն:
Ընդհանրապես երևանցու խաղով հիացել է աշխարհի 43 երկրի մարզասեր: Մասնագետները վկայում են, որ նախկինում ֆուտբոլով և բռնցքամարտով հրապուրված Սոսը եթե շարունակեր պարապել նշած մարզաձևերով, դարձյալ հեղինակավոր վարպետ կդառնար: Փույթ չէ, քանի որ երբեմնի նախասիրությունները տեսավ երեք զավակների մոտ, ովքեր տանը խոսում են հայերեն, գիտեն հայ ժողովրդի պատմությունը և սիրում են հայրենիքը: Դուստրը ` Նանարը, թենիսիստ է և մասնակցել է Երևանում անցկացված համահայկական խաղերին: Ավագ որդին ` Լևոնը, ֆուտբոլիստ է և հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ կրտսեր որդին ` Արամը, պարապում է բռնցքամարտով: