Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ /, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը / ԱՀԿ/ և շահագրգիռ այլ մարզական մարմիններ մասնակցել են կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մարզական միջոցառումների անվտանգ կազմակերպման առաջարկությունների մշակմանը։ Փաստաթուղթը լրացնում է ԱՀԿ –ի խորհուրդների առկա ցանկը։ Այն կոչված է օգնելու խոշոր մրցաշարերի կազմկոմիտեներին օբյեկտիվորեն գնահատել ռիսկերը, մեղմել հավանական հետևանքները, ինչպես նաև որոշում կայացնել դրանց իրականացման վերաբերյալ:
ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն վերլուծել են հանդիսականների պարագայում տարբեր մարզաձևերի մրցումների կազմակերպման ռիսկերը։ Լրամշակված խորհուրդների համաձայն հնարավորություն կտրվի կազմել միջոցառումների ցանկ ՝ մրցումների անվտանգ անցկացման համար:
Սպասվում են համապատասխան արձագանքներ և մեկնաբանություններ միջազգային սպորտային ֆեդերացիաներից և ազգային օլիմպիական կոմիտեներից:
Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության պարբերաբար տված տեղեկատվությունը որոշիչ դեր ունեցավ Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու հարցում:
ԱՀԿ-ն շարունակում է խորհուրդներ տալ ՄՕԿ-ին և << Տոկիո- 2020 >> կազմկոմիտեին ՝ խաղերի մասնակիցների համար անվտանգ միջավայր ստեղծելու վերաբերյալ:
ՄՕԿ-ԱՀԿ գործընկերության պատմությունը սկսվում է 1980-ականներից: Այդ ժամանակից սկսած կազմակերպությունները առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համատեղ բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացրել։ Օրինակ ՝ օլիմպիական խաղերի բոլոր վայրերում ծխախոտի,ալկոհոլի արգելքը և այլն։