Տոկիոյում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերի ժամկետները մեկ տարով հետաձգելու կապակցությամբ, մարմնամարզության միջազգային ֆեդերացիան / FIG / մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Դրանք տեղեկատվական բնույթի են և հիմնականում վերաբերում են մարզիկներին ու ազգային ֆեդերացիաներին:
Օլիմպիական խաղերի սպորտային , գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի 324 տեղերից գրեթե 75% -ը որակավորված է։ Բոլոր ստացած ուղեգրերը մնում են ուժի մեջ։ COVID-19 –ի համաճարակը խանգարեց մարտի կեսերից մայիսի վերջը վարկանիշային մրցումների անցկացմանը։
Տոկիո հրավիրված մրցավարները , ովքեր պետք է սպասարկեին խաղերը, նույնպես կպահպանեն իրենց տեղը։
Նշած մարզաձևերի մի շարք մրցումներ հետաձգվել են կամ չեղարկվել։ Չի տեղափոխվի 2021թ․ Դանիայի Կոպենհագենում նշանակված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Գործադիր կոմիտեն քննարկել է նաև ֆեդերացիայի հաշվետու ընտրական համագումարի անցկացման հարցը։ Այն պետք է կայանար 2020 թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայի Անթալիայում ։ Միջոցառումը տեղափոխվել է 2021 թ․ հոկտեմբեր։ Վերջնական որոշումը կկայացվի համաճարակի ավարտից հետո։ Ազգային ֆեդերացիաների համար սահմանված թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մնում է անփոփոխ ՝ 2020 թ․ մայիսի 20-ը ՝ ներառյալ։
Հիշեցնենք , որ երևանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ունի խաղերի ուղեգիր, իսկ սպորտային մարմնամարզության մրցաշարի սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուրի անձնական և հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը։