Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:
-Պարոն Գևորգյան, ամփոփեք խնդրում եմ 2015 թվականը, որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ:
-Մեծ հաշվով բռնցքամարտի համար լավ տարի էր: Ես գլոբալ եմ նայում խնդիրներին: Քանի որ մենք ի սկզբանե շեշտը դրել էինք մանկապատանեկան բռնցքամարտի զարգացմանը, այսօր արդյունքները տեսնում ենք: Պատանիները, կրտսեր պատանիները և կրտսերները հիանալի արդյունք են ցույց տալիս: Մենք չունեցանք այս տարիքային խմբերում այնպիսի մի մրցաշար, որտեղից վերադառնայինք առանց մեդալի: Նրանք են մեր ապագան, նրանք են այն բռնցքամարտիկներն, ովքեր համալրելու են մեծահասակների հավաքականը և շարունակելու են մեդալներ նվաճել: Ինչ վերաբերում է մեծահասակների հավաքականին՝ մենք ունենք այն, ինչ ունենք: Փորձեցինք ստանալ առավելագույնը: Նրանց մեջ կան հետաքրքիր տղաներ:
-Տարին ավարտում եք առանց Օլիմպիական խաղերի վարկանիշի, եթե իրատես լինենք, քանի՞ ուղեգրի հույս դեռ կա:
-Չի կարելի ասել, որ տարին անհաջող էր միայն այն պատճառով, որ հայ բռնցքամարտիկներն ուղեգիր չնվաճեցին, և ինչպես շատերն են ասում 2015 թվականի գերխնդիրը այդպես էլ մնաց անկատար: Ինձ համար ուղեգիր նվաճելը չէ գերխնդիրը, ինձ համար գերխնդիր է Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելը: Ես չեմ ցանկանում, որ այդ ուղեգիրը բախտի բերմամբ պատահական բռնցքամարտիկ ձեռք բերի, հետագայում այն չկարողանա վերածել օլիմպիական մեդալի: Այս տարի մենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ընդամենը մեկ փորձ ունեցանք և ինքներդ էլ տեսաք, որ Հովհաննես Բաչկովը շատ մոտ էր այն նվաճելուն: Դա արդեն լուրջ հայտ է: Կարծում եմ՝ 2016 թվականին Հովհաննեսը իր խոսքը կասի: Բացի նրանից կան ևս 4-5 բռնցքամարտիկ, ովքեր ի վիճակի են իրենց ներուժը ցույց տալ:
-Վարկանիշային մրցաշարերը կայանալու են Բաքվում և Ստամբուլում, չե՞ք կարծում, որ այն ավելի է բարդացնում հայ բռնցքամարտիկների գործը:
-Այո, մենք խնդրի առաջ ենք կանգնած: Բաքվում մասնակցելու փորձ ունենք, բայց այսօր քաղաքական վիճակը և սահմանի վրայի լարվածությունը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Բաքու մեկնելը մեծ հարցականի տակ է: Մեր հիմնական շեշտը դնում ենք Ստամբուլի մրցաշարի վրա: Կարծում եմ՝ այնտեղից կվերադառնանք օլիմպիական ուղեգրերով: Ստամբուլում իր ուժերը կչափի նաև Անուշ Գրիգորյանը:Նա պատանեկան և երիտասարդական աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող է և շատ հնարավոր է, որ նա էլ լավ արդյունք գրանցի:
-Ինչո՞ւ Օլիմպիական խաղերից 7 ամիս առաջ փոխվեց հավաքականի գլխավոր մարզիչը:
-Դավիթ Թորոսյանը շատ բան տվեց մեր հավաքականին, բայց միևնույն ժամանակ ինձ համար շատ կարևոր է հավաքականում տիրող մթնոլորտը: Չմոռանանք, որ հավաքականը, մարզչական խորհուրդը և ֆեդերացիան կազմված են տարբեր տարիքի մարզիչներից և մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մթնոլորտը հանգիստ լինի, որպեսզի աշխատանքի օգտակարության գործակիցը բարձր լինի: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, շատ բարձր եմ գտնում Դավիթ Թորոսյանի մասնագիտական ընդունակությունները: Բայց կային հարաբերություններ մյուս մարզիչների հետ, ակումբների ղեկավարության հետ, որոնք գնալով սրվում և լարվում էին: Ես չեմ ցանկանում, որ անձնական փոխհարաբերությունները խանգարեն հավաքականի առաջխաղացմանը:
-Մինչև վարկանիշային մրցաշարերը, Հայաստանի առաջնություն կանցկացվի՞:
-Ոչ, ֆիզիկապես չենք հասցնի: Մինչև վարկանիշային մրցաշարերը կմասնակցենք մեկ մրցաշարի, եթե հասցնենք, նաև՝ երկու: Թիմը կբաժանվի երկու մասի: Նույն քաշային կարգում մեկը մի մրցաշարի կմասնակցի, մյուսը՝ մեկ այլ: Եվ այդ արդյունքների հիման վրա էլ կկայացնենք մեր հետագա որոշումները:
-Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան մազրիչների որակավորման նոր կարգ ընդունեց, ըստ որի բոլոր մասնագետները պետք է որակավորում ստանան ֆեդերացիայից: Ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ նորամուծությունը տա իր ցանկալի արդյունքը:
-Այս որոշումը կայացնելու համար օրհասական պահ էր եկել: Խնդիրն այնպիսին էր, որ մենք պետք է հրատապ որոշում կայացնեինք: Կարծում եմ, որ բոլոր մարզաձևերը պետք է որդեգրեն այս քաղաքականությունը: Այս քայլով մենք օգնում ենք մեր մարզիչներին, որպեսզի նրանց որակավորումն ավելի բարձրանա, դառնան արդիական և ժամանակի պահանջների համընթաց քայլեն: «AIBA»-ից (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) կհրավիրենք մասնագետներ, կանցկացվեն սեմինարներ, որից հետո մարզիչները կլրացնեն հարցաթերթիկը: Այն մարզիչը, ով ֆեդերացիայի կողմից որակավորում չի ստանա, իրավունք չի ունենա Հայաստանի առաջնությանը մարզիկ ներկայացնելու:
-Պարոն Գևորգյան, հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Հայաստանն ունենա բռնցքամարտի պրոֆեսիոնալ ակումբ:
-Աշխատում ենք այդ ուղղությամբ: Առաջարկներ կան, մարդիկ հետաքրքրվում են: Հայաստանի քաղաքացիներ չեն, սակայն արտերկրում բնակվող հայեր են: Միգուցե իրենց անձնական միջոցներով հնարավոր լինի ստեղծել այդ ակումբը: Ես իրենց ուղարկում եմ պայմանները, մոտեցումները: Ինձ համար խնդրահարույց չէ, թե ինչ անվանում կունենա ակումբը: Խնդիրն այն է, որ մենք ունենանք այդ ակումբը և Հայաստանի բռնցքամարտիկները պայմանագիր ստորագրեն և հանդես գան հայկական ակումբից, որպեսզի մենք տնօրինենք մեր տղաների ապագան:
ՀԱՕԿ լրատվության բաժին