Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց բացթողմների, առաջիկա պլանների և հնարավոր օլիմպիական ուղեգրերի մասին:
-Ամփոփեք, խնդրեմ, 2015 թվականը:
-2015 թվականը սկսել ենք լավ արդյունքներով: Ուսումնամարզական հավաք անցկացրինք հենց տարվա մեկնարկին: Մեր պատանիները մասնակցել են Մյունխենում կայացած միջազգային մրցաշարի, որտեղ իրենց համար բավականին բարձր արդյունքներ գրանցեցին: Շատերը զարմացան, թե ինչպիսի աճ է գրանցել հայկական հրաձգությունը: Հրաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 17-րդ տեղը, որը վատ արդյունք չէ, որից հետո Եվրոպայի ռեկորդ սահմանեց Բաքվի Եվրոպական խաղերում: Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն վազող թիրախ վարժությունում: Ընդհանուր առմամբ, լավ արդյունք են գրանցել: Արդեն պարզ է, որ 2016 թվականին պետք է ավելի մեծ արդյունքների ձգտենք:
-Եվրոպական խաղերում Հրաչիկ Բաբայանը երկար ժամանակ առաջատարն էր և մեկ կրակոցով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ի՞նչը խանգարեց:
-Նա դեռ պատանի է և մեծահասակների հետ մրցելու մեծ փորձ չուներ: Փորձի պակասն էր, որ խանգարեց նրան: Ինչ-որ տեղ նաև որոշիչ էր այն, որ Եվրոպական խաղերը Բաքվում էին:
-Հրաձգությունը, որպես հենակետային մարզաձև, դեռևս չունի օլիմպիական ուղեգիր: Ինչու՞:
-Օլիմպիական վարկանիշային երկու մրցաշարերն էլ Բաքվում էին: Մեկը` Եվրոպական խաղերն էին, որտեղ ամբողջ ներուժով չենք մասնակցել, իսկ երկրորդը՝ Գաբալայում կայացավ աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հասկանալի պատճառներով մենք չենք մասնակցել:
-Իսկ հաջորդ տարվա համար, ե՞րբ կարող ենք պայքարել ուղեգրերի համար:
-Փետրվար ամսին Եվրոպայի առաջնության ժամանակ: Առաջին անգամ Հայաստանի հավաքականը կունենա 16 մասնակից՝ 2 մարզիչ և 14 մարզիկ: Հիմնականում մասնակցելու ենք ատրճանակ, հրացան վազող թիրախ ձևերում են: Ժամանակին բավականին բարդ էր աղջիկների մասնակցությունը, սակայն հիմա գրեթե հավասարը հավասարի մասնակցում են:
-Օլիմպիական քանի՞ ուղեգրի հույս ունեք և եթե իրատես լինենք՝ քանի՞սը կունենանք:
-Հավանականություն կա, որ մոտ 6 մարզիկ կարող է մասնակցել, բայց կարծում եմ` 3 հրաձիգ կունենանք Օլիմպիական խաղերում:
-Ի՞նչ մրցաշարով կմեկնարկեք 2016 թվականը:
-Հունվարին կմասնակցենք Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի, որը մենք մեր մեջ անվանում ենք աշխարհի փոքր առաջնություն: Աշխարհի գրեթե բոլոր երկրներից մասնակցիներ կան: Հենց այդտեղ ուժեղագույն թիմերը ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին: Մենք Մյունխեն կմեկնենք 8 մարզիկով և երկու մարզիչով:
ՀԱՕԿ լրատվության բաժին