Ավստրալիայի Կվինսլենդ նահանգը, որի կենտրոնը Բրիսբեն քաղաքն է, կներկայացնի 2032թ. ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն անցկացնելու հայտ: Այդ մասին հայտարարել է շրջանի ղեկավարությունը:
Կվինսլենդի ղեկավարությունը հայտ ներկայացնելու հեռանկարները քննարկել է մի քանի ամիս: Ավստրալացիները նախատեսում են, որ Խաղերի հիմնական մասը կընդունի Բրիսբենը, որին կօգնեն նաև Գոլդ Կոստ և Սանշայն Կոստ հանգստավայրերը:
«Դա ավելին է, քան մի քանի սպորտային շաբաթը: Օլիմպիական խաղերի ու Պարալիմպիկ խաղերի անցկացումը մեր շրջանին կարող է զարգացման մեծ հնարավորություն տալ առաջիկա 20 տարում»,- ասել է Կվինսլենդի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը:
Փորձագետների կարծիքով, մրցումների նախապատրաստությունը հնարավորություն կտա ստեղծել 129 հազար լրացուցիչ աշխատատեղեր, ինչպես նաև կխթանի նահանգում լուրջ ներդրումներին ու տնտեսության զարգացմանը:
Ավստրալական հայտի քննարկումների գլխավոր թեման ֆինանսական հարցն է: Նախնական տվյալներով, Խաղերի նախապատրաստության համար կպահանջվի մոտ 1 միլիարդ դոլար միայն պետբյուջեից: Այժմ քննարկվում է ծախսերի կրճատման հարցը:
2032թ. Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության օրը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ դա տեղի է ունենալու հաջորդ տարի: Ավստրալիայից բացի, դեռ պաշտոնական հայտ ներկայացնելու մասին հայտարարած այլ երկրներ չկան:
Հիշեցնենք, որ Ավստրալիան ունի Օլիմպիական խաղեր անցկացնելու փորձ: 1965-ին Խաղերը հյուրընկալել է Մելբուրնը, իսկ 2000-ին՝ Սիդնեյը: