Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2019 թվականը:
«Ծախսերի առումով լավ էր, որ վերջին 2 մրցումները հաջորդեցին իրար: Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի և Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է և մտնում է միջազգային ծրագրի մեջ:
Կոտբուսում մեր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ, որ չենք պահանջում այն, ինչ նրանք չեն կարող: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքներից ու նրանց գնահատականներից: Կարևոր չէր, թե որ տեղը կգրավեին: Թող նրանք կատարեին վարժությունը, իսկ վերջում մենք կտեսնեինք արդյունքը: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական վարկանիշներ: Ես գիտակցում էի, որ մեր շանսերը շատ քիչ էին: Եթե չեմպիոն դառնայինք, իմաստ կունենար մեկնել Մելբուրնում կայանալիք հաջորդ գավաթի խաղարկությանը, իսկ մյուսը Բաքվում է: Հնարավորություն տվեցինք Արթուր Ավետիսյանին, որն արդարացրեց սպասելիքները և գրավեց երրորդ տեղը՝ չնչին տարբերությամբ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ:
Օլիմպիական խաղերից առաջ ունենք ևս 3 վարկանիշային մրցումներ՝ Մելբուրնում, Բաքվում և Դոհայում: Կմասնակցենք միայն Դոհայի մրցաշարին: Արդեն պարզ է, որ Օլիմպիական խաղերում կունենանք միայն մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը: Ես այդպես էլ մտածում էի նախապես: Հնարավորություն ունեինք նաև օղակների վարժությունում, սակայն Արթուր Թովմասյանը բաց թողեց այն:
Եվս մեկ շանս կա Եվրոպայի առաջնությունում, որտեղ 2 տեղ են տալիս բազմամարտին: Սակայն Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Բաքվում, և մենք չենք մասնակցի:
Մեր երիտասարդներն են շատ բան բաց թողնում՝ կապված թոշակների և սպորտային վաշտում ծառայելու հետ: Դա շատ ցավալի է, քանի որ հնարավորություն կար ևս մեկ օլիմպիական ուղեգիր նվաճել Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդները պետք է սպասեն 2022 թվականին, որպեսզի արդյունք գրանցեն սպորտային վաշտում տեղ ունենալու համար:
Լուրջ ենք պատրաստվելու Օլիմպիական խաղերին: Շատ հնարավոր է, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը մասնակցի նաև նժույգի թափեր վարժությանը, քանի որ Վորոնինի գավաթում հաջող հանդես եկավ: Հիմա հանգստանալու հնարավորություն կտանք Արթուր Դավթյանին, քանի որ նա խնդիրներ ունի մեջքի հատվածում»,- նշեց մարզիչը:
Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը մեդալների համար կպայքարի հենացատկի վարժությունում: