Ուկրաինական Վինիցա քաղաքում հոկտեմբերի 21-28-ը տեղի ունեցած հրաձգության միջազգային մրցաշարում (պատանիների, երիտասարդների, մեծահասակների) Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ: Մրցաշարին մասնակցել են 300 մարզիկներ, իսկ Հայաստանն ունեցել է 7 ներկայացուցիչ՝ Ալլա Պողոսյան, Միլենա Պողոսյան, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան (հրացան), Զավեն Իգիթյան, Գոհար Մկրտչյան, Նարե Գաբրիելյան (ատրճանակ):
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփեց մրցաշարը:
«Բացի Գոհար Մկրտչյանից, բոլոր հրաձիգները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ունեցել ենք 6-ական առաջին ու երկրորդ տեղեր և 2 բրոնզե մեդալ: Թիմի ելույթից գոհ եմ, լավ են մասնակցել, ցուցանիշները բարձր են: Միլենա Պողոսյանը, որը սպորտի վարպետի թեկնածու է, լրացրել է սպորտի վարպետի ցուցանիշ, իսկ Զավեն Իգիթյանը միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ է լրացրել»,- ասաց մարզիչը: