Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր՝ 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում:
Սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):