Ինչպես հայտնել է Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն, Իտալիան կարող է զրկվել 2020թ-ի Օլիմպիական խաղերին մասնակցությունից և 2026թ-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքից:
«Ես անհանգստացած եմ իտալական սպորտի օլիմպիական ապագայով, դրա վրա սև ամպեր են կուտակվել: Դրա պատճառներն են քաղաքական ճգնաժամը, ապագա կառավարության կազմի անորոշությունը և ՄՕԿ-ի կողմից չընդունված սպորտի բարեփոխման օրինագիծը, որը հաստատվել էր ազգային ժողովի կողմից», - նրա խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:
Աղբյուրը հայտնում է, որ եթե Իտալիայի ԱՕԿ–ը հեռացվի ՄՕԿ-ից, իտալացիները չեն կարողանա մասնակցել Տոկիո-2020-ին իրենց դրոշի ներքո և կկորցնեն 2026թ-ի խաղերի անցկացման իրավունքը:
Վերջերս Իտալիայում ընդունված սպորտի բարեփոխման մասին օրինագիծը սպորտային գործունեության բոլոր լիազորությունները փոխանցել է կառավարությանը, ինչը հակասում է ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությանը չմիջամտելու ՄՕԿ-ի սկզբունքին: