Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անդրադարձավ առաջին մենամարտին:
Հունիսի 25-ին Տոնականյանը 5։0 հաշվով առավելության էր հասել իսպանացի Քրիստիան Վասկեսի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
«Ընկերներս ավելի շուտ էին մեկնարկել ու բարդ էր անընդհատ սպասել, ձանձրալի է, ցանկանում ես մենամարտել։ Առաջին մենամարտը շատ կարևոր է, քանի որ միշտ բարդ է լինում։ Ես մեծ ռինգում եղել եմ և չէի ասի, թե Եվրոպական խաղերի հետ տարբերությունը մեծ է: Ուղղակի այստեղ ավելի մեծ է պատասխանատվությունը, եւ դա ինչ-որ առումով խանգարում է»,- նշեց Կարեն Տոնականյանը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի բրիտանացի Ֆրենչ Քալումը։