Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10։2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։
Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին։
Հայ սամբիստը հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին։
Այդ հաղթանակից հետո Ղազարյանը մեդալային պայքարին մասնակցելու հնարավորություն ստացավ։
Հունիսի 23-ին մեդալների համար կպայքարեն նաև 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը։
Սահակյանը բրոնզե մեդալի համար կպայքարի վրացի Պատա Գվինիաշվիլիի հետ, իսկ Կիրակոսյանը ոսկե մեդալի համար մրցելու է ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ):
Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։