Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը:
Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։
Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
«Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ այսպես բարդ է լինում։ Ցույց տված արդյունքիցս գոհ եմ: Մինչեւ այս գոտեմարտը լավ եմ հանդես եկել և հաղթել եմ գործող աշխարհի չեմպիոնի։ Եզրափակիչում չստացվեց, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան»,- խոսքը եզրափակեց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։
Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։