Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ:
Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին եւ 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր թուրք Աբդուլահ Տոպրակի հետ եւ պարտվել 3:4 հաշվով:
Հունիսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացրել նաեւ Գեւորգ Սուքիասյանը (55 կգ), որը պարտվել է ադրբեջանցի ըմբիշի: Դրանից առաջ Սուքիասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) եւ Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար: