Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում.
«Սա լավ հնարավորություն է ֆուտբոլի սիրահարների համար: Մենք պարոն Վանեցյանի հետ միասին պատրաստ ենք աջակցել այսպիսի միջոցառումների կազմակերպմանը՝ ցանկացած մարզում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց միջոցառման անցկացումը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, սա շատ կարեւոր միջոցառում է, որը միտված է մասսայական սպորտի զարգացմանը եւ, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Մրցաշարին կմասնակցեն 86 թիմեր՝ 2 տարիքային խմբերում (մինչեւ 18 տարեկան եւ 18-ից բարձր): Հանդիպումները կանցկացվեն շաբաթ եւ կիրակի: Մրցաշարը կավարտվի օգոստոսին: