Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները ավարտեցին ազատոճային ըմբիշները:
Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո Եվրոպայի նոր չեմպիոն ունի: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 17:11 հաշվով կամային, լարված և գեղեցիկ հաղթանակ տարավ վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Պարգևատրման արարողությունից հետո Արսեն Հարությունյանը պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին.
-Ինչպե՞ս անցավ առաջնությունը, և ո՞րն էր ամենաբարդ գոտեմարտը:
-Ամենաբարդ գոտեմարտը ռումինացի ըմբիշի հետ էր։ Շատ դժվար էր․ առաջին 3 րոպեի ընթացքում շատ էի հոգնել, իսկ երկրրոդ մրցափուլի ընթացքում զգացի, որ էլ «տեղում չի» և կարող եմ հաղթել նրան: Եզրափակիչ գոտեմարտը նույնպես բարդ էր, բայց մրցակիցս ավելի շատ հոգնեց։ էներգիաս ավելացավ այդ պահին, կարողանում էի գորգում «աշխատել» և վստահ էի, որ հետ եմ բերելու կորցրած միավորները (գոտեմարտի մեկնարկից վայրկյաններ անց Արսեն Հարությունյանը պարտվում էր 0:8 հաշվով, բայց վերջնական արդյունքում առավելության հասավ 17:11 հաշվով – ՀԱՕԿ լրատվական):
-3 գոտեմարտերի ընթացքում էլ հետապնդողի դերում ես եղել և կարողացել ես վերջնարդյունքում հաղթել: Ո՞րն է գաղտնիքը:
-Իմ ոճն է այդպիսին։ Ես որոշել էի առաջին 3 րոպեներին հոգնեցնել հակառակորդներին, իսկ երկրորդ մրցափուլում՝ հնարքներ կատարել և միավորներ վաստակել:
-Մինչ Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ ես անցել: Որքանո՞վ քեզ այն օգնեց:
-Շատ լավ նախապատրաստական շրջան եմ անցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հաբեթնակ Կուրղինյանին, Էդգար Ենոքյանին, անձնական մարզիչներիս այն բանի համար, որ կողքիս են եղել: Առանց նրանց չէի կարող հաղթել:
-Մասնակցել ես գերմանական ակումբային առաջնությանը: Այնտեղ ձեռք բերված փորձը նույնպե՞ս քեզ օգնեց:
-Գերմանիայում անցկացրած գոտեմարտերս ինձ շատ օգնեցին: Ավելի վստահ էի ինձ զգում: Բախտս շատ բերեց, որ այնտեղ հայտնվեցի Ռոման Ամոյանի հետ: Նա ինձ շատ օգնեց, վստահություն ներշնչեց, որ ուժեղ եմ և կարող եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում հաղթել: Նրան շատ շնորհակալ եմ:
-Վերջին անգամ ազատ ոճից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Սաֆարյանը: Այսօր նա հետևում էր նախապատրաստական ընթացքիդ: Ի՞նչ խորհուրդներ տվեց քեզ մինչ եզրափակիչը:
-Նրա հետ երեկ էլ էի խոսել, նա խորհուրդներ էր տալիս՝ ինչպե՛ս գոտեմարտել հակառակորդիս հետ։ Հենց նրա ասած սցենարով էլ գոտեմարտս ընթացավ:
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս։ Ես ձեզանով եմ ուժեղ, միայնանակ ոչնչի չէի հասնի, շնորհակալ եմ, որ հետևում ու երկրպագում եք ինձ: