Ռաֆիկ Հարությունյանն 8-րդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում:
A խմբում հանդես եկած 18-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 344 կգ (150+194) արդյունք: Հրում վարժությունում Հարությունյանը 194 կգ արդյունքով չորրորդն էր եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական (Մ-20) ռեկորդ:
Այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ նաեւ Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որը չկարողացավ քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Անտոնիո Պիցոլատոն, որը երկամարտում գրանցեց 356 կգ (155+201):
Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը նշեց մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաեւ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):