Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգի մրցմանը:
Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր 23-ամյա Կարապետյանը ձախողեց կշռման արարողությունը եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը հաջողությամբ է անցել կշռման արարողությունը եւ Երեւանի ժամանակով 20:30-ին կսկսի պայքարը: 18-ամյա Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը կնշի մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաեւ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):