Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները։ Նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում։ Հասկանալի է, որ հնարավոր չէ իրականացնել բնականոն մարզումային գործունեություն և կանգնած են մարզավիճակը կորցնելու վտանգի առաջ։
Կորոնավիրուսը մարզիկներին դրել է դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Ոչ բոլորը կկարողանան հաղթահարել դա, որի հետևանքով կխաթարվի նրանց մարզական կենսագրությունը։ Ավելի դժվար է լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկների համար, որովհետև խոցելի է նրանց իմունիտետը։
Վտանգներից խուսափելու համար կուզեի հետևյալն ասել։ Անհրաժեշտ է տնային պայմաններում շարունակել մարզումները՝ պահպանելով նախկին ռեժիմը և հաճախականությունը։ Ամենօրյա կապ հաստատել մարզչի, թիմի բժշկի և եթե հնարավոր է՝ հոգեբանի հետ։
Ամեն մարզիկ պիտի ունենա իր օրագիրը։ Այնտեղ անհրաժեշտ է նշել առավոտյան հանգստի վիճակի պուլսը / սրտի բաբախումների հաճախականությունը /, անձնական քաշը, մարզումների ժամերը, կատարված վարժությունները, դրանց քանակն ու հաճախականությունը։
Պարապմունքները պետք է հաջորդաբար ընդգրկեն նախավարժանք / ցատկեր, կքանիստեր, արագ վազքեր՝ մուտքի աստիճաններով, հավասարակշռության և ուժային վարժություններ, ձգումներ / ։ Ձգումներն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ․ ստատիկ, դինամիկ և պայթուցիկ / բալիստիկ / շարժումներով։
Մարզման ամենամեծ բեռնվածության պահին կրկին հաշվել պուլսը, որը պիտի կազմի ոչ պակաս քան 160 - 180 բաբախում / րոպե։ Վերջում կատարել ցածր բեռնվածության թուլացնող վարժանք։
Ավարտից հետո ընդունել տաք և սառը ցնցուղ, ինչը կոփում և զարգացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Օրագրում նշել օրվա մարզման հետ կապված սեփական մտքերը, թերությունները և հաջորդ օրվա անելիքը։ Պահպանել հեղուկների ընդունման ռեժիմը / օրը՝ 2-3 լիտր ջուր / ։
Ամեն օրվա մարզման համար խորհուրդ է տրվում պատրաստել էներգետիկ հեղուկային խառնուրդ / կոկտեյլ / ՝ 300 մլ խնձորի կամ խաղողի հյութի մեջ լուծել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և 2-3 լորի հավկիթ։ Կոկտեյլի կեսը խմել մարզումից մեկ ժամ առաջ, մյուս կեսը՝ ավարտելուց կես ժամ հետո։ Դա նպաստում է ուժերի արագ վերականգնմանը։
Ցանկանում եմ առողջություն, բարձր տրամադրություն, անհրաժեշտ մարզավիճակ և հաղթանակներ։
Սպորտային բժիշկ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ստեփան Գրիգորյան