Այս օրերին Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի հրավերով Երեւանում են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը եւ Կրասնոդարի երկրամասի ՄՊՄԴ ավագ մարզիչ Յուրի Ասլանյանը: ՀՑՖ-ն արդեն մի քանի տարի է համագործակցում է ռուս գործընկերների հետ, իսկ մեր մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցում Կրասնոդարի երկրամասում, որը ՌԴ-ում ցանցացատկի գլխավոր կենտրոններից է: Այս տարի մեր պատանիներն այնտեղ նվաճել են տասը մեդալ:
Հայկական եւ ռուսական կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը: Արմատներով Հայաստանից Յուրի Ասլանյանը հաճախ է հայրենիք այցելում եւ մարզական գործընթացում ցուցաբերում է մեծ օգնություն:
«Այստեղ տաղանդավոր երեխաներ կան, որոնք, չնայած որոշ խնդիրներին, հասնում են հաջողությունների: Այսօր արդեն մոտ 200 երեխա Երեւանում զբաղվում է ցանցացատկով: Նրանք հետագայում էլ աճելու մեծ ցանկություն ունեն, այդ պատճառով Հայաստանում մեր մարզաձեւի լավ հեռանկարներ եմ տեսնում»,-ասաց Յուրի Ասլանյանը:
Ալեքսեյ Ռիժկովն առաջին անգամ է Հայաստանում.
«Մարզական գույքի առումով այստեղ անելիքներ կան: Ցանցացատկը բարդ մարզաձեւ է, որը պահանջում է շարժումների լավ կորդինացիա: Գոյություն ունեն մարզումների անվտանգ անցկացման հատուկ պահաջներ: Տեղի ֆեդերացիան այս բացը լրացնելու համար որոշ բան անում է: Առաջին տարին չէ, որ Կրասնոդարում անցկացվող մրցաշարերում տեսնում եմ ձեր մարզիկների արդյունքները: Առաջընթացը տեսանելի է»,- նշեց Ռուսաստանի հավաքականի մարզիչը՝ հույս հայտնելով, որ համատեղ մրցումներ, այդ թվում Հայաստանի տարածքում, ավելի հաճախ կկազմակերպվեն: