Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մարտի 27-30-ը Բաթումում մասնակցել են միջազգային մրցաշարի:
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկող ըմբիշներից արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը: Բրոնզե մեդալակիր է դարձել Ռուբեն Հակոբյանը (63 կգ):
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշեց, որ մրցաշարին հիմնական կազմով չեն մասնակցել:
«Այս մրցաշարին մասնակցել ենք հիմնականում 2-րդ և 3-րդ համարներով: Արդյունքներից գոհ չեմ, կարող էինք ավելին: Ճիշտ է՝ մրցակցությունը բարդ էր, տիտղոսակիր ըմբիշներ կային, բայց մերոնք էլ թույլ չէին: Եղան գոտեմարտեր, որտեղ մեր տղաները 7:0, 5:0 հաղթում էին, սակայն վերջին պահին պարտվում: Կարող եմ սա այսպես բացատրել. հիմնականում այս մրցումներին մասնակցում էին այն ըմբիշները, որոնք նոր են պատանեկան հավաքականից համալրել երիտասարդական թիմը: Պատանիներում, ինչպես գիտեք, գոտեմարտն անցկացվում է 2 րոպե տեւողությամբ 2 մրցափուլով, իսկ այստեղ 3 րոպե է: Մարզումների հատուկ մոտեցում ու ծրագիր ունենք, որպեսզի այդ անցումը ճիշտ կատարվի, և տղաները, այսպես ասած, դիմանան»:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հիմնական կազմով ապրիլի 4-8-ը կմասնակցի Կասպիյսկում կայանալիք միջազգային մրցաշարի: