Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը:
Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Կարճ ծրագրին մասնակցեցին 40 մարզուհիներ, 24 լավագույնները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր եւ մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը:
Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը:
Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը: