Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը /ՀՀԳ / 2016թ. յուրատեսակ հարցում անցկացրեց 196 երկրների ազգային հակադոպինգային և մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների համապատասխան բաժինների համար: Ներկայացված էր 1283 հարց: Մասնակից երկրները բաժանվել էին չորս խմբի: Առաջին քննարկումը պարզեց, որ երրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժինը ամենաքիչ` 18 դիտողություն ունի: Համեմատության համար ասենք, որ Բուլղարիան ստացել է 32, Բոսնիան` 34, Մոլդովան` 41, Ալբանիա` 52 դիտողություն և այլն: Արդյունքում յոթ երկրների ազգային և միջազգային 10 մարզական ֆեդերացիաների բաժիններ որակազրկվեցին, իսկ Հայաստանի հակադոպինգայինն արժանացավ գերազանց գնահատականի: Միակ պահանջն այն է, որ պետք է կտրուկ ավելացվի արտամրցումային դոպինգ ստուգումների թիվը, որի համար անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ գումար: Այն, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիայի, պետք է հատկացնեն կառավարությունները: Սեպտեմբերի 7-ին Սկոպիեյում /Մակեդոնիա/ ավարտվեց ՀՀԳ–ի համաժողովը,որին մասնակցեց ՀԱՕԿ–ի հակադոպինգային գործունեությունը համակարգող, գիտությունների դոկտոր ,պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: Այնտեղ խրախուսեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետևողական աշխատանքը: Օլիմպավանում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հակադոպինգային բաժնի արդյունավետ գործունեության համար: Ուսումնամարզական հավաքներում և առօրյա մարզումներում ընդգրկված մարզիկներից ցանկացած պահի հնարավոր է վերցնել համապատասխան նմուշներ: Սա, անշուշտ, հաջողությունը զարգացնելու լուրջ երաշխիք է:
ՀԱՕԿ լրատվական բաժին