Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան 2018 թվականի Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո, հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ շարունակում է մարզումները Նիժնի Նովգորոդում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը պատմեց Յուլյայի՝ պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին.
«Յուլյային մի շարք երիտասարդական մրցաշարեր են սպասվում, որոնցից առաջինը կլինի Սոֆիայում (մարտի 26-29-ը): Մայիսի վերջին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Այնուհետեւ դադար կլինի, որից հետո Վոդոպյանովան Հայաստան կգա՝ մասնակցելու հանրապետության առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսին: Ավելի ուշ նախատեսում ենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք եւ միջազգային մրցաշար անցկացնել: Բուենոս Այրեսից առաջ Յուլյայի համար վերջին մեկնարկը սեպտեմբերին Տաշքենդում անցկացվելիք միջազգային մրցաշարն է: Սոֆիայի եւ Տաշքենդի երիտասարդական մրցաշարերը կանցկացվեն մեծահասակների աշխարհի Գավաթի խաղարկության փուլերին զուգահեռ, որտեղ Հայաստանը կներկայացնի Յասմինա Աղագուլյանը»,- եզրափակեց Գայանե Ներսիսյանը: