Հարցման արդյունքները հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ եւ սպիտակ վանդակով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության մեջ ուժեղ են այնպիսի գծերը, ինչպիսիք են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը եւ նորին ձգտելը:
Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը սպիտակ եւ վարդագույն թիկնոցով էակն է, որի գլուխը զարդարված է սակուրայի տերեւներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «ակուրայից ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը գերբնական ունակություններ ունի:
Խորհրդանիշերի երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է 200 հազար դասարան: Կազմակերպիչների կարծիքով, սա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսեւորման ամեն մի կասկածանք: Խորհրդանշանների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկած դասարանների 50 տոկոսից ավելին: